Մեկ ճանապարհ ունենք՝ փրկել մեր հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից. Սեյրան Օհանյան

22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է 22 տարի առաջ այս օրը Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին։ Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․ «Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը: Սակայն մեր ժողովուրդը, որ ընդամենը տարիներ առաջ կարողացել էր փառահեղ հաղթանակ տոնել՝ բանակ և պետություն կառուցելով, խաղաղություն պարտադրելով հակառակորդին, այդ մարտահրավերը դիմակայեց նույնքան իմաստուն և ուժեղ՝ շտկելով իր մեջքը և թույլ չտալով, որ այդ ողբերգությունը խարխլի մեր անկախության, ինքնիշխանության հիմքերը: Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև: «Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ: Եվ մեկ ճանապարհ, ընտրություն ունենք. մեր գենի զորությանը հավատալով, մեր բազկի ուժին ապավինելով՝ Ազգային դիմադրություն ձևավորել և վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ՝ փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից»:























Comments