top of page

«Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին». Արթուր Վանեցյան

  • May 15, 2021
  • 2 min read


ree

«Այսօր չափազանց կարևոր և պատասխանատու օր է. հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված, նույնանման տեսլականով պայմանավորված՝ «Հայրենիք» և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունների քաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել են մեկտեղել ուժերը, դաշինք կազմել և միասին մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,-այս մասին այսօր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ, ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։


«Անցած օրերի ընթացքում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչու հենց «Հայրենիք»-«ՀՀԿ» դաշինք, ինչն է մեզ միավորում, և մեր երկիրն այս մղձավանջից դուրս բերելու ի՞նչ ուղիներ ենք մենք տեսնում։ Առաջիկայում այս մասին շատ ենք խոսելու, փորձելու ենք անել ամեն ինչ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո»,- նշեց նա։


Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ դաշինքը կարևորում է հայ ժողովրդին հուզող բոլոր խնդիրների հավաքագրումն ու ցուցակագրումը, քանի որ այդ գործընթացը հնարավորություն կտա իրենց՝ ծրագրերում ներառել բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։


«Մենք վստահ ենք, որ նախընտրական շրջանը միայն խոստումներ տալու, մրցակիցների նկատմամբ սեփական առավելությունն ի ցույց դնելու համար չէ։ Չկա նման բան. հատկապես հետպատերազմյան շրջանում քարոզարշավը նման առիթներով օգտագործելը համարում եմ անթույլատրելի։ Կարևոր բան կա, որ բոլորս պետք է լավ գիտակցենք՝ մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, ու դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը։ Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ»,- ասաց նա։


«Հայրենիք» կուսակցության ղեկավարի դիտարկմամբ, հայ ժողովուրդն այսօր կանգնած է պետականությունը կորցնելու և նույնիսկ՝ բնաջնջվելու վտանգի առաջ։ Ըստ նրա, ասվածի վառ ապացույցն է թշնամու զորքերի անարգել ներթափանցումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։


«Այդ սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել հայ ժողովրդի բոլոր հնարավորություններն ու կարողությունները, իրականացնել հետևողական աշխատանք։

Հավատացնում եմ ձեզ, մեր ժողովրդի վիշտն ու ցավը մինչ այս պահը ոչ ոք լիարժեք չի հասկացել, չի ընկալել ու չի ընդունել։ Խնդիրները յուրովի են ընկալվում մեր հանրության տարբեր շերտերի կողմից, մենք սկսել ենք իրար չհասկանալ, միմյանց կարծիքը հաշվի չառնել։ Մանիպուլյացիաների արդյունքում հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների, հների ու նորերի»,-ամփոփման մեջ հայտնեց Վանեցյանը։


Սա ճանապարհ է դեպի փակուղի։ Այսպես շարունակել չի կարելի։ Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը։ Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները։ Իսկ ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց լուծմանը»,- վստահեցրեց նա, ապա հավելեց՝ «կարող ենք ու կանենք»։


Իսկ ելույթի ավարտին Արթուր Վանեցյանը կոչով դիմեց հայ ժողովրդին.


«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ. ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու ՀՀ-ին, Արցախին և ողջ հայ ժողովրդին»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page