ՄԻՊ-ը ահանզանգ է ստացել Կութ գյուղի հարևանությամբ տեղի ունեցած զինված միջադեպի մասին
- May 27, 2021
- 1 min read

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի բնակչից այսօր վաղ առավոտյան ստացել է ահազանգ այն մասին, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, գյուղում պարզ լսվել են կրակոցներ, և ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ զինծառայողների։ Ահազանգով նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի այդ գործողություններն է՛լ ավելի են լարվածություն առաջացրել գյուղում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի անմիջական հարևանությամբ: Միջադեպը լարվածություն է առաջացրել նաև գյուղում, քաղաքացիական բնակիչների շրջանում: Այս ամենը հաստատվել է նաև համայնքի ղեկավարի կողմից:
«ՀՀ քաղաքացիական բնակավայրի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած՝ ադրբեջանական զինված ուժերի այսօրվա արարքները լրջորեն վտանգում են ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը: Ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի անմիջական հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու, սահմանային բնակիչներին իրենց պատկանող խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործելու օրինական իրավունքից զրկելու միասնական դիտավորության համատեքստում:
ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինծառայողներր նման պարբերական սադրանքներ ու իրավունքների խախտումներ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո` մայիսի 12-ից առաջ (տեղ են գտած զեկույցներում ու հաղորդումներում):
Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:
Նշվածը լրացուցիչ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել ՀՀ 6 զինծառայող քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։


























Comments