Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդին դեռ չեն վիրահատել․ «Հրապարակ»
- Jun 3, 2021
- 1 min read

Օրերս Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդին՝ Աշոտ Սարգսյանին, դեռ չեն վիրահատել: Նա ունի ծնոտի երկկողմանի կոտրվածք ու գլխի վնասվածք և ներկայում գտնվում է հիվանդանոցում: Աշոտ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինքնազգացողությունը նորմալ է, վիրահատությունը նշանակված է հունիսի 2-ին:
Հարձակումը դրան հետևած հայ երիտասարդի ծեծն ադրբեջանցիների կողմից տեղի են ունեցել մայիսի 27-ին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել ադրբեջանցիներից մեկին:
Հարձակման մասին լուրը համացանցի տիրույթում տարածել էր Մոսկվայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Նրա միջոցով կապ հաստատեցինք Աշոտ Սարգսյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ մայիսի 27-ին միայնակ պիկետ է իրականացնելիս եղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, պահանջել է ազատել հայ ռազմագերիներին: 13։30-ին մոտ նրան է մոտեցել անհայտ անձ, որը, ենթադրաբար, ադրբեջանցի է եղել և լեզվակռիվ է սկսել՝ սադրելով հայ երիտասարդին:
«Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, նա սկսեց հարվածներ հասցնել ինձ, և մի քանի վայրկյանից արդեն շատ ադրբեջանցիներ եկան, քանի որ իրենց դեսպանատան մոտ էր: Չեմ բացառում, որ ամենը պլանավորված էր»,- ասում է Աշոտ Սարգսյանը:
Մոսկվայում բողոքի ակցիաների ու պիկետների մասնակիցները քիչ են: «Ցավոք, մոսկվաբնակ հայերից շատ քիչ մարդ է դուրս գալիս ակցիաների, մի մասն էլ Մոսկվայում չի բնակվում, այլ կողքի քաղաքներից են գալիս: Այն քիչ քանակության մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ունեն տարբեր քաղաքական հայացքներ, սակայն սա խոչընդոտ չի հանդիսանում մեր ընդհանուր գործին: Ամեն ինչ պետք է թողնենք մի կողմ և միավորվենք»,- ասում է Աշոտ Սարգսյանը:


























Comments