«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը կարմիր գիծ է». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերություններին: Դրա մի ամբողջ հատվածը վերաբերել է Ուկրաինային և երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) հնարավոր անդամակցմանը, գրում է korrespondent.net-ը: Պուտինն ասել է, որ Ուկրաինայի՝ դաշինքի կազմում չներառվելու երաշխիքներ չկան: Միևնույն ժամանակ, նա կասկածել է ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը, որոնց համաձայն՝ երկիրն Ուկրաինային անդամակցություն չի խոստացել: Բացի այդ, նա կարմիր գիծ է անվանել Ուկրաինայի՝ դաշինքի կազմի մեջ մտնելը: «Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռների արձակման ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել սակարկությունների մանրադրամ կամ թնդանոթի միս»:























Comments