top of page

Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

  • May 28, 2021
  • 1 min read

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ նշելով. «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։


Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:


1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: 103 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page