Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Գյումրու քաղաքապետի ՀՀԿ թեկնածու
- Aug 30, 2021
- 1 min read

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է ոչ թե Արթուր Վանեցյանի հետ կազմած «Պատիվ ունեմ» դաշինքով, այլ միայնակ։ ՀՀԿ-ն արդեն ունի քաղաքապետի իր թեկնածուն, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանն է
ՀՀԿ Գյումրիի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող Նարեկ Միրզոյանը հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ օրերս ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար է ընտրվել Արտյոմ Ղուկասյանը՝ Սուքիաս Ավետիսյանի փոխարեն:
«ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպությունը որոշել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել սեփական դեմքով ու ցուցակով, այսինքն՝ մասնակցելու ենք առանձին, դաշինքով չենք մասնակցելու։ Ցուցակը գլխավորելու է ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը։ Ցուցակում տեղ զբաղեցնող անձանց անունները կհրապարկենք առաջիկայում, այս պահին դեռ քննարկման փուլում է, ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք»,-տեղեկացրեց Նարեկ Միրզոյանը։
Comments