«ՔՊ»-ի վարկանիշն իջել է, «Հայաստան» դաշինքինը՝ բարձրացել․ GALLUP
- Jun 5, 2021
- 1 min read

«GALLUP International Association»-ը Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ պարբերաբար հարցումներ է իրականացնում հանրության շրջանում։ Վերջին հարցման արդյունքներով, որին մասնակցել է 1101 մարդ Հայաստանի ողջ տարածից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը գրեթե հավասար թվով ձայներ են հավաքել։
Հարցադրումը հետևյալն է՝ «եթե այս կիրակի կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»։
Հարցվածների 22,4%-ը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ 20,6%-ը՝ «Հայաստան» դաշինքը։ Նախորդ հարցման արդյունքների համեմատ «ՔՊ»-ն զիջել է իր դիրքերը 0,05 տոկոսով, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը բարձրացել է 3,1%-ով։ Նկատենք, որ հարցումների միջև ընկած ժամանակահատվածում երկու ուժերն էլ ակտիվ քարոզչությամբ են զբաղվել, ինչը փաստորեն աշխատել է ի վնաս Նիկոլ Փաշինյանի։

Հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4,2%-ով, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3,9%-ով, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2,9%-ով և «Հանրապետություն» կուսակցությունը՝ 2,1%-ով։ Մյուս կուսակցություններն են դաշինքները հավաքել են 2%-ից ցածր ձայներ։
Հատկանշական է, որ ինչպես նախորդ հարցման արդյունքներով, այնպես էլ այս հարցման արդյունքներով «Հայաստան» դաշինքը հաղթում է Երևանում և մարզային քաղաքներում, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթում է գյուղական համայնքներում։
Comments